Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերն է Վահան Կոստանյանը քննարկել Խավիեր Կոլոմինայի հետ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Երևանում
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
«Վահան Կոստանյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ»,– նշված է հաղորդագրությունում։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը:
Այս համատեքստում Վահան Կոստանյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղության պահպանմանը։
Հիշեցնենք` ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը բաց տեքստով արտատարածքային միջանցք էր պահանջել Հայաստանի տարածքով՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ հրաժարվում է զորքերը հետ քաշել 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ տարածքներից։ Նա հավելել էր, որ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է անկլավների հարցը։