Երևանն ու Բաքուն ՌԴ -ին չեն ներգրավում սահմանազատմանը՝ հակառակ պայմանավորվածության. Լավրով

Արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
Լավրովի խոսքով` Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին խոչընդոտում են արևմտյան եսասիրական նկրտումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Մոսկվան ներգրավված չէ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին, չնայած պայմանավորվածությանը։ Այս մասին 2023 թվականին ՌԴ դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները, ավելին, կողմերը համաձայնագիր են ստորագրել, որ սահմանազատման հանձնաժողով են ստեղծում, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում»,- ասաց Լավրովը։
Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ դելիմիտացիայով զբաղվելու է Եվրամիությունը, չնայած որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը երբեք ԵՄ մաս չեն կազմել:
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ոչ մի քարտեզ չունի։ Ռուսաստանի Դաշնությունն ունի քարտեզներ, և դա ձեռնտու է կողմերին, բայց ոչ ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել սահմանազատմանը։
ՌԴ–ն երբեք Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնող չի եղել. Լավրով
«Նրանց մոտ ինչ-որ կերպ հայտնվել են ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներ, և դրա համար ասում են «ձեզ ռուսներ պետք չեն, մենք քարտեզներ ունենք»: Մի փոքր տարօրինակ է թվում, մեծ մարդիկ են, բայց խաղ են խաղում, թե «ով է գլխավորը», և ով կարող է լրացուցիչ միավորներ հավաքել միջազգային ասպարեզում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով, ցավալի է, որ արևմտյան եսասիրական շահերը խանգարում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հիմնարար շահերի իրականացմանը։