ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց կա, քննարկման թեմաներից մեկը մեկ ամիս մարդասիրական դադար կիրառելու հարցն է։ Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն դիվանագետներին։
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ տարվող բանակցություններն առաջընթաց են գրանցում․․․ Քննարկման է դրված մեկ ամսից սկսած և ավելի ժամանակով մարդասիրական դադարի մասին առաջարկը, որին կհաջորդի մշտական հրադադարը», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ բանակցություններն ավելի մեծ գործարքի մաս են, որը կարող է հանգեցնել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: