Անհասկանալի ընտրություններ ադրբեջանական ձևով

Իլհամ Ալիևը. Արխիվային լուսանկար
Sputnik


​Ադրբեջանում այս շաբաթ սկսվեց նախագահական ընտրարշավը։ Այնպիսի տպավորություն է, որ Իլհամ Ալիևը հատուկ նախաձեռնել է արտահերթ ընտրությունները, որպեսզի բոլորը զարմանան՝ ինչո՞ւ չսպասեց մինչև 2025 թվականը, երբ լրանում է նրա լիազորությունների ժամկետը, և ոչ ոք չկարողանա խելքը գլխին պատասխան տա այդ բարդ հարցին։ Հայաստանցիներին հուզող գլխավոր խնդիրը, իհարկե, սա է՝ արդյոք Ադրբեջանի նախագահի նպատակը չէ՞ հնարավորինս արագ հաստատել իր լեգիտիմությունը և համազգային աջակցությունը՝ նոր պատերազմ սանձազերծելու համար։
Ճիշտն ասած, գոնե ինձ ավելի հավանական է թվում մեկ այլ տարբերակ։ Այս ընտրություններն, այսպես ասենք, եռանպատակ են։ Եվ այդ նպատակներից գլխավորն է՝ Արցախի վերջնական հայաթափումից անմիջապես հետո արձանագրել նորանկախ Ադրբեջանի պատմության բոլորովին նոր փուլի սկիզբը։ Իսկապես, եթե հետադարձ հայացք ձգենք վերջին մոտ երեք տասնամյակներին, կտեսնենք, որ 1990-ից մինչև 2020 թվականն Ադրբեջանը մի անգամ կատարյալ պարտություն է կրել իր իսկ հրահրած պատերազմում և մեծ տարածքներ կորցրել, մեկ այլ՝ քառօրյա պատերազմում որևէ էական հաջողության չի հասել, իսկ այդ երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում անընդհատ բողոքել է երկրի 20 տոկոսի կորստից և մեկ միլիոն փախստականներից, բայց ապարդյուն։
Փետրվարի 7-ին փաստորեն առաջին անգամ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նաև Լեռնային Ղարաբաղում։ Եվ իմ կարծիքով, բոլորովին չի չափազանցնում Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի փորձագետ Լոուրենս Բրոերսը, որը ԲիԲիՍի-ին ասել է, թե այս ընտրություններով Ադրբեջանի նախագահը թե՛ իր երկրի քաղաքացիներին, թե′ միջազգային հանրությանը ուզում է ցույց տալ, որ սկսվում է պետության զարգացման նոր դարաշրջանը, նույնիսկ ծնվում է «ադրբեջանական չորրորդ հանրապետությունը»։ Ավելին, որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում՝ Ալիևը ցանկանում է ապացուցել, որ իր ղեկավարած երկիրը, որը մինչև հիմա Հայաստանի կամ Վրաստանի նման, այսպես ասենք, «փոքր ուժ» էր, այսուհետ վերածվում է «միջին ուժի», ասենք, Մեքսիկայի կամ Եգիպտոսի նման։
Դե, հաջորդ փուլն էլ երևի «մեծ ուժ» դառնալն է՝ Թուրքիայի կամ Բրազիլիայի օրինակով։ Իսկ ի՞նչ կա որ. հիշում եմ, մենք էլ մի ժամանակ հույս ունեինք «վագրի թռիչք» կատարել Հարավային Կորեայի կամ Սինգապուրի նման։ Ինչպես գրել էր Վլադիմիր Իլյիչ Լենինը «Ինչ անել» հոդվածում՝ «Պետք է երազել»։
Արտահերթ ընտրությունների երկրորդ նպատակն, ըստ երևույթին, կապված է այն քննադատության հետ, որը տարբեր երկրներում և միջազգային կառույցներում վերջերս ավելի ու ավելի հաճախ է հնչում Իլհամ Ալիևի հասցեին։ Այսինքն, այս ընտրություններով նախագահը հակադարձում է՝ ասում եք, թե 250 քաղբանտարկյալ կա՞, ասում եք` 13 լրագրողի՞ եմ ձերբակալել, ասում եք` խոսքի ազատության տեսակետից 190-րդն ենք աշխարհում, ասում եք, թե ղարաբաղցիների՞ն եմ վտարել իրենց տներից, ասում եք` Հայաստանի մի մասն եմ օկուպացրե՞լ։ Դե, փետրվարի 7-ին կհամոզվեք, որ մեր ժողովրդի գրեթե 100 տոկոսը լիովին հավանություն է տալիս իմ գործողություններին, իսկ շարքային քաղաքացիների կարծիքն ու կամքն ինձ համար սրբության նման մի բան է, ինչպես բոլոր իսկապես ժողովրդավարական երկրներում։
Եվ երրորդ։ Քանզի իրավիճակն աշխարհում գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում, և երևի ոչ ոք այսօր չի կարող գուշակել, թե ինչպեսին է լինելու 2025 թվականը, Ալիևը որոշել է հնարավորինս շուտ ազատվել ընտրություններից, մանավանդ որ հայտնի չէ, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները բուն Ադրբեջանում։ Անկեղծ լինենք, Հայաստանի իշխանությունների պահվածքից պարզ երևում է, որ նրանք անվերապահորեն հավատում են՝ Հայաստանն այլևս երբեք չի կարողանա մրցակցել օրեցօր հզորացող Ադրբեջանի հետ։ Մի քիչ տարօրինակ է, որովհետև այն իշխանությունները, որոնք անընդհատ թմբկահարում են իրենց «աննախադեպ» նվաճումները, կարծես թե, չպիտի ակնհայտ զիջողական քաղաքականություն որդեգրեին այն հարևանի նկատմամբ, որն անընդհատ նորանոր պահանջներ է առաջ քաշում ու նորանոր սպառնալիքներ հնչեցնում։
Իրողությունն այն է, որ Ադրբեջանի ֆանտաստիկ տեմպերով զարգացման մասին միֆը հիմնականում հենց այդ երկրի իշխանություններն են ստեղծել։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները փաստում են՝ Ադրբեջանի տնտեսության աճը վերջին երկու տարում խիստ դանդաղել է։ Եթե 2021 թվականին համախառն ներքին արդյունքի աճը կազմում էր գրեթե 6 տոկոս, ապա անցած տարի այդ ցուցանիշը մեկուկես տոկոսի էլ չհասավ։ Ադրբեջանի բյուջեի եկամուտների կեսը ստացվում է նավթից և գազից, իսկ դրանց գներն, ինչպես գիտեք, վերջին տարիներին պարզապես անկանխատեսելի են դարձել։ Եթե ուզում եք շարքային քաղաքացիներին անմիջականորեն վերաբերող մի փաստ վկայակոչեմ։ Նվազագույն աշխատավարձն Ադրբեջանում այսօր կազմում է 80 հազար դրամ։ Համաձայնե՛ք՝ մեր 75 հազարից այնքան էլ չի տարբերվում։
Եվ վերջում կրկին անդրադառնամ 20 օրից սպասվող ընտրություններին։ Ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել՝ պատճառաբանելով, թե Ալիևը դիտմամբ է անսպասելիորեն նշանակել արտահերթ ընտրություն, որպեսզի ընդդիմադիրները չհասցնեն օրենքով պահանջվող 40 հազար ստորագրությունը հավաքել։ Այնինչ, Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հեգնում է. «Տո այս ընդդիմությանը, եթե կես տարի էլ տրամադրվեր, արդյունքը լրիվ նույնն էր լինելու՝ զրո»։