Հունվարի 17-ին Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Պակիստանում սուննի խմբավորման կենտրոնակայանի վրա։ Նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանները Հյուսիսային Իրաքի քրդական շրջանում գնդակոծել էին «Իսրայելական հետախուզության շտաբը» և Սիրիայում գտնվող որոշ թիրախներ, որոնք, ըստ Թեհրանի, կապված են «Իսլամական պետություն» ահաբելչական խմբավորման հետ։
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց համար կապ չունի` Արևելք, թե Արևմուտք, և որ Իրանին ուղղված ցանկացած սպառնալիք ցանկացած վայրից համարժեք պատասխանի է արժանանալու։
Փորձագետները կարծում են, որ Իրանի հարձակումները իրականում ԱՄՆ-ին և Իսրայելին ուղղված ուղերձներ են՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին։
«Իրանը ցույց է տալիս, որ ինչ էլ լինի Մերձավոր Արևելքում, ինքը պահելու է իր դիրքերը այս տարածաշրջանում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը` մեկնաբանելով թե Իրանի ակտիվացումը և ռազմական գործողություններում ներգրավվելն ինչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի ու Հայաստանի վրա։