Իրականում խոսքը ոչ թե բարեկարգման, այլ սեփականությունը վերաբաշխելու մասին է. Դավիթ Մարգարյան

Sputnik
Երևանի քաղաքապետարանը որոշել է բարեկարգել Երևանի Օղակաձև զբոսայգու` Նալբանդյան և Սայաթ Նովա փողոցներով պարփակված հատվածը և քանդել այդտեղ գտնվող բոլոր կառույցները`«Տաշիր պիցցա» սննդի կետը, «Լաբիրինտ» գարեջրատունը, «Նովելլա» մյուզիք հոլը, «Մոնտանա» մյուզիք հաուսը, «Հուկահ լաունջ & Ռումս» սրճարանը, տարբեր կրպակներ և «Արարատ» թենիսի ակումբին պատկանող կորտերն ու հարակից շինությունները։
Հատկապես թենիսի կորտերը քանդելու որոշումը բուռն դժգոհությունների առիթ է դարձել, որից հետո քաղաքապետարը հայտարարեց, որ դրանց փոխարեն մեկ այլ վայրում կկառուցվեն նորերը։
Միաժամանակ մամուլի հրապարակումներից հետո Քաղաքապետարանը ստիպված եղավ խոստովանել, որ այգու 4.5 հա տարածքի բարեկարգման ծրագիրն առանց մրցույթի տրվել է «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությանը, որի սեփականատերը, ով նաև «Էվոկաբանկի» սեփականատերն է, քաղաքապետարանին անհատույց 254 մլն դրամ է տրամադրել` գեղասահքի դպրոցի վերականգնման համար։
Տնտեսագիտության թեկնածու, տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը կարծում է, որ քաղաքապետարանի գործողություններն ավելի շատ սեփականության վերաբաշխում են հիշեցնում, քան բարեկարգում։
«Գործող բոլոր բիզնեսները վերացնում են, փոխարենը ստեղծում են մի կառույց, որն ինքն է ուզում այդտեղ բիզնես իրականացնել»,– Sputnik Արմենիային ասել է Մարգարյանը։