ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ու ՀՀ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսական կողմը շեշտել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ աշխատանքների վերսկսման կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ հանդիպումը կայացել է ՀՀ դեսպանի խնդրանքով:
«Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առկա իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը շեշտել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ աշխատանքների շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համալիրի հիման վրա: