ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Պակիստանը հետ է կանչել Իրանի իր դեսպանին և նախազգուշացրել Թեհրանին ԻՀՊԿ-ի հարվածին արձագանքելու իրավունքի մասին: Տեղեկությունը նշված է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Երեկ երեկոյան Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության չհրահրված և աղաղակող խախտումը միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների խախտում է։ Այս հակաիրավական արարքը բացարձակապես անընդունելի է և որևէ արդարացում չունի։ Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այս անօրինական գործողությանը: Հետևանքների պատասխանատվությունն ընկնելու է բացառապես Իրանի վրա», -ասվում է հայտարարության մեջ ։
Նշվում է, որ սա փոխանցվել է Իրանի կառավարությանը:
Պակիստանը որոշել է դադարեցնել բոլոր բարձր մակարդակի այցերը, որոնք պլանավորված էին Պակիստանի և Իրանի միջև առաջիկա օրերին:
Հունվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել Է «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման կենտրոնական բազային, որը գտնվում է Իրանին սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում: Սա Իրանի զինված ուժերի առաջին հրթիռային հարվածն է Պակիստանի տարածքում։
Պակիստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել Է Իրանի հրթիռային հարվածն իր տարածքում և հայտնել, որ այդ հարվածի զոհ են դարձել երկու երեխա: Պակիստանի ԱԳՆ-ն նշել է, որ ինքնիշխանության նման խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: