ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Մուլտի Ուելնես» մարզաառողջարարական համալիրն ու «Քուին Բուրգեր» արագ սննդի կետը, որոնք ըստ լուրերի՝ պատկանում են, համապատասխանաբար, ԲԿՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, կշարունակեն իրենց գործունեությունը Օղակաձև այգում, քանի դեռ այդ հատվածի բարեկարգման ներդրումային ծրագիր չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա այդպես մեկնաբանեց լրագրողների այն դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ ավելի քան 70 տարի գործունեություն ծավալող թենիսի կորտերը չեն տեղավորվում Օղակաձև այգու տրամաբանության մեջ (ինչպես հայտարարել էր Երևանի քաղաքապետարանը), իսկ վերոնշվածները տեղավորվում են։
«Եթե հետագայում որևէ ներդրող կլինի, որը կասի, որ ուզում է Օղակաձև այգու 3–րդ հատվածը վերակառուցել , այգի դարձնել և այլն, դա անպայման կյանքի է կոչվելու։ Քաղաքապետարանն իր առջև որևէ խնդիր չունի X տնտեսվարողի հանդեպ առանձնահատուկ մոտեցում ցույց տալու, անկախ նրա ով լինելուց»,–ասաց նա։
Կոստանյանն ընդգծեց, որ «Մուլտի Ուելնեսն» ու «Քուին Բուրգերը» գտնվում են օղակաձև զբոսայգում վարձակալական հիմունքներով, ինչպես և մնացած օբյեկտները։