Գուտերեշը հայտարարել է, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր է

Անտոնիո Գուտերեշ. Արխիվային լուսանկար
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ երկրների տարածքային ամբողջականության խախտմանը համաձայնություն տալը կարող է քաոս առաջացնել աշխարհում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին: Այս մասին նա ասել Է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ։
«Եթե մենք սկսենք համաձայնել, որ երկրների տարածքային ամբողջականությունը կարող է խախտվել, մենք քաոս կստեղծենք աշխարհում»,– ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Նրա խոսքով՝ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք կարող են հավակնություններ ունենալ այլ պետությունների տարածքի նկատմամբ։
«Այնքան շատ իրավիճակներ կան, երբ փոքրամասնությունները կարող են ինչ-որ պահի հայտարարել, որ իրենք այլ երկրի են պատկանում։ Չափազանց կարևոր է, որ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվի»,– ընդգծել է նա։
Նա կարծիք է հայտնել, որ «կարևոր է վերահաստատել Ուկրաինայի և ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը»:
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ «դա հեշտ չի լինելու. իրավիճակը բարդ է»: