ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Քիչ առաջ Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև է ընդունել։
Բանաձևին կողմ են քվեարկել Սենատի 336 անդամներ, միայն 1 դեմ ձայն է եղել։
Ֆրանսիայի սենատն այսօր քննարկում էր «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձևը:
Բանաձևում շեշտվում է, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից պահանջի ջանքեր գործադրել՝ երաշխավորելու հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը՝ միաժամանակ ապահովելով նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։
Սենատը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով Ադրբեջանից պահանջել ազատ արձակել այնտեղ պահվող քաղաքացիական և զինվորական անձանց, ներառյալ՝ ապօրինի պահվող քաղաքական և հասարակական գործիչներին, Արցախի նախկին պաշտոնյաներին։
Սենատը նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը, կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Սենատը պահանջում է խիստ միջոցներ ձեռնարկել, ընդհուպ՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավում և ադրբեջանական գազի և նավթի ներմուծման էմբարգո։
Նշենք, որ բանաձևը համահեղինակել են Սենատի բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները` Բրունո Ռըտայոն, Մարիզ Կարերը, Սեսիլ Սուկիերմանը, Գիյոմ Գոնտարը, Պատրիկ Կաները, Հերվե Մարսելը, Կլոդ Մալյուրեն և Ֆրանսուա Պատրիան, ինչպես նաև Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:
Նիստը նախագահում էր Սենատի փոխնագահ Սոֆի Պրիմասը։ Նիստին ներկա էր նաև Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։