ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մտադրություն ունի։ Այս մասին նա ասել է լրագրողներին Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլային ակադեմիա այցելության ժամանակ։
«Գիտեմ, որ մեծ ֆուտբոլային ներուժ կա ձեր երկրում: Այստեղ մեծ ֆուտբոլային հնարավորություններ են բացվում մեր առաջ: Վստահ եմ, որ լավ երեխաներ կան, սակայն պետք է աշխատենք նրանց հետ: Ֆուտբոլիստ դառնալը նրանց մեծ երազանքն է, և, ինչու ոչ, մենք էլ կարող ենք տալ նրանց այդ հնարավորությունը»,-ասել է Անելկան:
Նիկոլա Անելկան ասել է նաև, որ մտադիր է նաև Հայաստանում տեքստիլ արտադրամաս հիմնել, որը կծառայի ֆուտբոլասեր երեխաներին:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը հետևել է Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների մարզումներին, լուսանկարվել նրանց հետ ու ստորագրել երեխաների գնդակների վրա:
Նիկոլա Անելկան Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլային ակադեմիայում
© Sputnik / Asatur Yesayants
Հիշեցնենք, որ Նիկոլա Անելկան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2000 թվականի առաջնության չեմպիոն: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա խաղացել է ՊՍԺ-ում, «Արսենալում» «Ռեալու», «Չելսիում» և մի շարք այլ ակումբներում: