Երևանում 3 երեխա և 2 մեծահասակ թունավորվել են շմոլ գազից. նրանք շուտով դուրս կգրվեն

Ե՛վ երեխաները, և՛ մայրերը անհրաժեշտ բժշակական օգնություն են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազի հետևանքով հոսպիտալացվել է 3 երեխա և 2 մեծահասակ: Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ–ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նրանք հիվանդանոց են տեղափոխվել հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը։
«Նույն հասցեից հոսպիտալացվածներն են 2016 թվականին ծնված 1, 2020 թվականին ծնված 2 երեխա, ինչպես նաև 2 կին: Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը»,– գրել է Դանիելյանը:
Նա ընդգծել է, որ թե՛ երեխաները, թե՛ մայրերը ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Բուժման արդյունքում պացիենտների մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից: