ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրամիության առաքելության ընդլայնմանը

Հաստիքների ավելացումը ընդգծում է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ԵՄ հանձնառությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik․ ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Այս մասին հայտնում է առաքելության մամուլի ծառայությունը։
«Ողջունում ենք Եվրամիության առաքելության ընդլայնման վերաբերյալ ԵՄ Խորհրդի որոշումը։ Առաքելության հաստիքների ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելությունը համարել էր Ադրբեջանի հետ սահմանին անվտանգության և կայունության կարևոր գործոն:
Հիշեցնենք, որ ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
ԵՄ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտնել էր, որ Հայաստանում առաքելության աշխատակիցների թվի ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կտա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դիտարկման համար։
Հիշեցնենք` 2023 թ. փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
ԵՄ առաքելության դիտորդներն ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ` Երևանում: