Եկեղեցին մենակ չէ․ մի խումբ երիտասարդներ Մայր աթոռի մոտ պաշտպանության ակցիա են անում

Մայր Աթոռ սուրբ Էջմիածին
Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկան Մայր աթոռի ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Եկեղեցին միայնակ չէ և ուժեղ է իր հավատացյալներով։ Սա ցույց տալու համար մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են կազմակերպել Էջմիածնի Մայր աթոռի մոտ՝ ի աջակցություն եկեղեցու։
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին գրեթե ամեն օր հարձակումների է ենթարկվում, և հավատավորների պաշտպանության կարիքն ունի։ Հատկապես վերջին դեպքերից հետո, երբ առաջին անգամ նորանկախ հանրապետության պատմության մեջ ամանորի նախաշեմին կաթողիկոսի ելույթը չհեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ, երիտասարդները որոշեցին միավորվել և ցույց տալ, որ պատրաստ են պայքարի։ Շեշտում են՝ այն, ինչ այսօր արվում է եկեղեցու դեմ, դատապարտելի է։
«Ինքնաբուխ կերպով չկարողացանք այլևս լռել, եկել ենք այստեղ մեր աջակցությունը, որդիական խոնարհումը ձեզ առաջարկելու, պատրաստ ենք եկեղեցու կողքին կանգնել և ցանկացած տեսակի պայքարում առաջամարտիկ լինել»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկան Մայր աթոռի ներկայացուցիչները։ Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշեց՝ պատմության ընթացքում եկեղեցին փորձություններ շատ է հաղթահարել, հիմա էլ պետք է հաղթահարի։
«Լինել եկեղեցու կողքին՝ նշանակում է լինել ինքդ քո կողքին, պաշտպանել քո ինքնությունը, ապրելու իրավունքը, արժանապատվությունը և ավելացնել քար քո ապագայի կառուցվող շենքին», - ասաց դիվանապետը։
Եկեղեցականները գոհունակություն հայտնեցին, որ երիտասարդները համախմբվել են և եկել իրենց աջակցությունը հայտնելու։