ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում են տարբեր բաների մասին, տարբեր բառապաշարներով։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` հարց ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Նախ` դուք մեր դասղեկը չեք, մենք էլ ձեր աշակերտները չենք, դասեր մի՛ տվեք։ Գովելի կլիներ, որ նման ոգևորությամբ արձագանքեիք Ալիևին։ Ինձ համար անհասկանալի են ձեր թիմակիցների կողմից այն անհանգիստ շարժումներն այն պարզ ճշմարտություններին, որ ձախողել եք ձեր իսկ ձեռնարկած խաղաղության օրակարգը»,– ընդգծեց պատգամավորը։
Ըստ Խամոյանի` Փաշինյանը շարունակ խոսում է տալու մասին` անկլավների, ճանապարհների, ադրբեջանցի հանցագործների և այլն, մինչդեռ Ալիևը վերցնելուց է խոսում։
«Մինչև որտե՞ղ ու ի՞նչ չափանիշներով եք սահմանելու, թե որտեղ է ավարտվելու այդ տալու պրոցեսը, քանի որ Ադրբեջանը կանգ չի առնելու»,– հետաքրքրվեց Խամոյանը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ դասղեկի վերաբերյալ պատգամավորի դիտարկումը լիարժեք ընդունելի է այն ըմբռնմամբ, քանի որ դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում, երբ դիմացը տեսնում է փոքրիկ աշակերտի։
«Ինչ վերաբերում է կանգ է առնելուն, ապա այն կլինի ՀՀ լեգիտիմ սահմանների վրա. լեգիտիմությունն է մեր քաղաքական և դիվանագիտական պաշտպանությունը։ Ես հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունները դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին` վարչապետը նշեց, որ դելիմիտացիայի արդյունքում նոր սահման չի ստեղծվելու, քանի որ գործում է 1991 թ–ի Ալմա Աթայի հռչակագիրը, և արդեն իսկ ձեռք բերված պայմանավերվածությունների համաձայն այդ սահմանները պետք է ուղղակի վերարտադրվեն քարտեզների վրա և թղթի վրա։
Հիշեցնենք` ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց տեքստով արտատարածքային միջանցք էր պահանջել Հայաստանի տարածքով՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ հրաժարվում է զորքերը հետ քաշել 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ տարածքներից։ Նա հավելել էր, որ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է անկլավների հարցը։