Ովքե՞ր կկարողանան զենք կրել. ԱԺ–ն ընդունեց օրենքը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի ստորագրելուց 10 օր անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Որոշմանը կողմ քվեարկեց 61 պատգամավոր, 1-ը դեմ էր, իսկ 32-ը` ձեռնպահ։
Նշենք, որ նախագծի հեղինակը ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է։
Համաձայն նոր փոփոխությունների` զենք ունենալու և կիրառելու կանոնները պարզեցվել են։ Այսուհետ չեն լինի ծառայողական զենքեր, դրանք կլինեն միայն քաղաքացիական և մարտական։ Այդպիսով, քաղաքացիական զենքի կատեգորիային են դասվում ատրճանակները (ֆորմալ առումով՝ կարճ հրաձգային փողով ծառայողական զենք, որը զրկված է ավտոմատ կրակելու հնարավորությունից)։ Բացի այդ, ներկայիս օրենսդրության համաձայն, դրանք կարող են ձեռք բերել միայն առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող զինվորականները, որոնք ունեն գնդապետից ոչ ցածր կոչում։ Հիմա առաջարկվում է շեմը նվազեցնել մինչև փոխգնդապետ։ Կարգելվեն ինքնաշեն զենքերը։
Սահմանամերձ գյուղերի բնակիչներն անպաշտպա՞ն են մնում. «Զենքի մասին» ՀՀ օրենքի ռիսկերը
Զենքով պարգևատրված անձինք էլ մինչև 2025 թ. հունիսի 1-ը պարտավոր են ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զնեքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ: Դրանք չներկայացնելու դեպքում զենքով պարգևատրված անձից կվերցնեն այն, անպիտան կդարձնեն, ապա կվերադարձնեն տվյալ անձին, քանի որ դա իր սեփականությունն է։
Միաժամանակ կկրճատվի այն տարածությունը, որից ավելի մոտ չի թույլատրվում հրաձգային զենք կիրառել (բացառությամբ հրաձգարանների)։ Գործող օրենսդրությամբ չի թույլատրվում ակոսափող հրազեն օգտագործել բնակավայրերից և մայրուղիներից 5000 մետր հեռավորությունից մոտ տարածքում, իսկ նախագծով առաջարկվում է 5000 մետր հեռավորությունը փոխարինել 3000 մետրով։ Ողորկափող զենքի համար առաջարկվում է հեռավորությունը թողնել 500 մետր։
Բացի այդ, առաջարկվում է զենքի կիրառման քննությունից ազատել նրանց, ովքեր ծառայում են կամ զինծառայություն են անցել․ նրանց համար առաջարկվում է թողնել միայն տեսական քննությունը։
Եթե պատին հրացան կա կախված, անպայման ինչ-որ պահի կրակելու է. զենքի և որսի օրենքների բացերը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչներին էլ մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն կտրվի։
Անչափահասներին արգելվում է շրջանառել մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքեր ու կայծային պարպիչներ:
Օրենքն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրելուց 10 օր անց։
Հիշեցնենք, որ օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ին։ Դրանից հետո ուսումնասիրելով, թե ինչպես է օրենքը կիրառվում գործնականում, Գաբրիելյանն առաջարկել է մի շարք փոփոխություններ մտցնել։ Օրինագիծը ՆԳՆ-ում քննարկումների մի քանի փուլ է անցել, որոնց արդյունքներով առաջարկների մի մասը հանվել է։