Շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից

Չնայած դանակով սպառնալիքներին, բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը և նրան տեղափոխվել է հիվանդանոց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշվում է, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է տվյալ հասցե, որտեղ օգնության կարիք ունեցող անձի որդիները բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:
«Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ' մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը»,–գրել է Կոստանյանը։
Նա հավելել է, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը, և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ Կոստանյանը հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ–ի բժիշկը։ Պացիենտը բժշկից պահանջել էր ներարկել «տրամադոլ» դեղամիջոց և չստանալով իր ուզածը` սկսել էր ագրեսիվ պահվածք դրսևորել։ Բժշկի հասցեին հնչել էին հայհոյանքներ, որից հետո նրան 3 անձ ծեծի էին ենթարկել։
Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։
Երևանում բժշկին ծեծի ենթարկած եղբայրները ձերբակալվել են