ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik․ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը իսրայելական Haaretz պարբերականում հոդված է հրապարակել՝ նվիրված Երուսաղեմի հայկական թաղամասի աղմկահարույց իրադարձություններին։
Խոսքը համայնքի ներկայացուցիչների վրա իրականացրած հարձակումների և տարածքի զավթման փորձերի մասին է։
Երուսաղեմի հայ համայնքի անդամների վրա վերջին խոշոր և համակարգված հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում, գրում է Սարգսյանը` նշելով, որ ագրեսիան ամենատարբեր դրսևորումներ է ունեցել՝ վանդալիզմից և գույքի ոչնչացումից մինչև անմեղ քաղաքացիական անձանց նկատմամբ ֆիզիկական բռնություն։
Իրավիճակի լրջությունն ընդգծել էր Երուսաղեմի հայոց պատրիարքությունն իր հայտարարության մեջ, որում ասվում է, որ հայ հոգևորականները «պայքարում են իրենց կյանքի համար», իսկ հայկական թաղամասը՝ հին քաղաքի չորս մասերից մեկը, ոչնչացման վտանգի է բախվում։
«Հայ համայնքը ցնցված է այդ միջադեպերից։ Իսրայելը պետք է որ պակաս մտահոգված չլինի», - նշել է Սարգսյանը։
Նախկին նախագահը հիշեցրել է, որ հայերը հազարամյակներ շարունակ խաղաղ բնակվել են Սուրբ հողում, Իսրայելում արմատներ է գցել աշխարհում ամենահին հայկական սփյուռքը։
Հայ վանականները Երուսաղեմ են տեղափոխվել Հայաստանի քրիստոնեության ընդունումից տարիներ անց (301 թ․), սակայն Երուսաղեմում հայկական ներկայությունը թվագրվում է մ․թ․ա․ 55 թվականով։ XII դարում Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հաստատվեց Սուրբ Հակոբի տաճարում՝ քաղաքի հայկական թաղամասում։
Հեքիաթային հնությունների պահոցով հայկական եկեղեցուն է պատկանում Երուսաղեմի քրիստոնեական սրբությունների մեկ երրորդը, քաղաքի հայկական թաղամասն էլ հազարամյա պատմություն ունի։
Այնուհետև նախկին նախագահը մանրամասն կանգ է առնում բուն միջադեպի վրա, որը հոդվածը գրելու առիթ է դարձել։
Բռնությունը հայկական թաղամասի շուրջ 25%-ը 99 տարի ժամկետով վարձակալության տալու շուրջ առաջացած վեճերի հետևանքն էր։ Գործարքը կնքվել էր ավստրալահրեա գործարարի և նրա տեղի գործընկերոջ հետ, որոնք այդ վայրում նախատեսում էին շքեղ հյուրանոց կառուցել։
Այսպես կոչված «Կովերի պարտեզի» գործարքը զայրույթ առաջացրեց հայ համայնքի շրջանում, քանի որ այն կհանգեցներ բնակչության տեղահանմանը, տների և վարժարանի քանդմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության կորստին։
Երկու ամիս առաջ, ի պատասխան հայ համայնքի ներսում առաջացած բողոքի ալիքի, Հայոց պատրիարքությունը որոշեց խզել պայմանագիրը։ Սակայն բանակցություններ վարելու փոխարեն կառուցապատողները շինտեխնիկա բերեցին և սկսեցին նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Այնուհետև Հայոց պատրիարքությունը դատական գործ նախաձեռնեց նրանց հետ իր համաձայնագիրը խզելու համար։ Հերթական անգամ օրինական ճանապարհով գնալու փոխարեն, ընդգծում է Սարգսյանը, դժգոհ կողմը բռնությամբ արձագանքեց։
«Նախորդ շաբաթ ամբողջ աշխարհից հրեա ընկերներն ու քրիստոնեական կազմակերպությունները դիմեցին ինձ` Իսրայելի հնագույն հայ համայնքին իրենց աջակցությունը ու համերաշխությունը, ինչպես նաև Գազայում պատերազմի հետ կապված խորը մտահոգությունը հայտնելու համար։ Հայ համայնքին ահաբեկելու փորձերը շեղում են այն նորմալ վիճակից, որը բնութագրում էր Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները (չնայած այն բանին, որ Իսրայելը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանին զենք է վաճառում, որն օգտագործվել է Հայաստանի դեմ)», - ընդգծել է Սարգսյանը։
Այս համատեքստում նախագահը մի հետաքրքիր դրվագ է հիշել իր իսկ կենսագրությունից։ Նախորդ դարի 1990-ականների սկզբին, երբ Սարգսյանը դեռ սկսնակ դիվանագետ էր, առիթ է եղել ոչ միայն Սուրբ հող այցելելու, այլև այն ժամանակվա Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինին հանդիպելու։
Ռաբինը, Սարգսյանի խոսքով, չափազանց ուժեղ կերպար էր։ Մարդ, որն իր ժողովրդի մոտ միաժամանակ սեր և հիացմունք, բայց երբեմն նաև ատելություն էր առաջացնում։
Սարգսյանի վրա նա թողել էր բարյացակամ ուսուցչի տպավորություն։ Նա ցուցադրել էր Հայաստանի պատմության զարմանալիորեն խորը գիտելիքներ, նրան հետաքրքիր էր իմանալ երկրում ծավալվող իրադարձությունների մասին։ Ռաբինը հիշեցրել էր Սարգսյանին, որ երկուսն էլ հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչներ են, որոնք վերապրել են իրենց ոչնչացնելու բոլոր փորձերը։
«Մենք ողջ ենք մնացել։ Մենք երբեք չպետք է մոռանանք դա, ասաց Ռաբինը։ Նա ինձ առաջարկեց ցանկացած օգնություն։ Քանի որ այդ ժամանակ գոյությունն ու պետականաշինությունը նաև Հայաստանի հիմնական նպատակներն էին, ես հարցրի` կարո՞ղ եմ այցելել հրեական գործակալություն և այլ պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Ուզում էի հետևել, թե ինչպես են աշխատում և կիրառել այդ գիտելիքներն արդեն նորանկախ Հայաստանի իրողություններում։ Ռաբինն անհապաղ վերցրեց լսափողն ու ամեն ինչ կազմակերպեց», - պատմել է Սարգսյանը։
2020 թվականին, դեռ այն բանից առաջ, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Հայաստանի դեմ, Սարգսյանը կրկին Իսրայել այցելեց, բայց արդեն որպես նախագահ` դառնալով երկրի առաջին ղեկավարը, որը պաշտոնական այց է կատարել հրեական պետություն։ Առիթը, որը նրան բերել էր Իսրայել, Օսվենցիմի ազատագրման 75-ամյակն էր։ Եվս շուրջ 50 պետությունների ղեկավարներ այցելեցին Հոլոքոստին նվիրված Յադ Վաշեմ հուշահամալիր-թանգարան։
Երբ մյուս առաջնորդները մեկնեցին, Սարգսյանին առաջարկեցին դեռ որոշ ժամանակ մնալ։
«Ես համաձայնեցի և ժամանակ անցկացրի՝ շրջելով սրբավայրերով, այցելելով Ռամալլա և իսրայելական համալսարաններ։ Սակայն իմ ուղևորության ամենատպավորիչ հատվածը կապված էր Երուսաղեմի հայկական թաղամասին ծանոթության հետ։ Այնտեղ ես հանդիպեցի վանականների, ուսումնասիրեցի ձեռագրեր և ծանոթացա տեղի համայնքի հետ։ Քաղաքի հայկական ժառանգությունը մեծ հպարտություն առաջացրեց իմ մեջ», - գրել է Սարգսյանը։
Նա նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում ներսում և հայկական թաղամասի հետ, վտանգում է Երուսաղեմի եզակի հիմքը։
«Եվ դա իշխնությունների անհապաղ միջամտում է պահանջում։ Իսրայելը` որպես պետություն, որը հիմնված է օրենքի գերակայության վրա, պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի հայ համայնքին, նրա պատմական ժառանգությունն ու Երուսաղեմի բացառիկությունը պաշտպանելու համար», - գրել է Սարգսյանը։
Ավելի վաղ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարել էր, որ 1600 տարվա պատմություն ունեցող Երուսաղեմի հայկական թաղամասը պետք է պաշտպանել իսրայելցի ծայրահեղականներից։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է«Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։