Իսպանիայում արգելվել է էլեկտրոնային բուրավետ ծխախոտների օգտագործումը

IQOS
Իսպանիայի առողջապահության նախարարի խոսքով՝ համալիր աշխատանքներ են տարվում` ծխելու դեմ պայքարի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Իսպանիայի կառավարությունն օրենսդրորեն հավասարեցրել է ծխախոտային խառնուրդները ավանդական ծխախոտի հետ և արգելել էլեկտրոնային բուրավետ սիգարետների վաճառքը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան։
«Մենք նախարարների խորհրդում հաստատել ենք, որ տաքացվող ծխախոտը կհավասարեցվի սովորական ծխախոտի հետ. ծխախոտային արտադրանքի մեջ կարգելվեն բուրավետիչները (ֆիլտրեր, թուղթ, պարկուճներ և այլն)»,– ասված է X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտ վաճառողներից այժմ պահանջվում է պիտակի վրա նախազգուշացնել դրանց վտանգների մասին: Պիտակները պետք է գրեն, որ «ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 70 քաղցկեղածին նյութեր» տեղեկատվական զգուշացումներ, ինչպես նաև հիվանդությունների և ծխելու այլ բացասական հետևանքների մասին գունավոր լուսանկարներ:
Նախարարը հայտարարել է, որ աշխատում է ծխախոտի կանխարգելման և վերահսկման համապարփակ ծրագրի վրա, որը, ի թիվս այլ խնդիրների, ուղղված կլինի վեյփ–խանութների կարգավորմանը և կախվածությունների կանխարգելմանը, ինչպես նաև հանրային առողջության պաշտպանությանը։