ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի -Sputnik. Իրաքի ԱԳՆ-ն հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին երկրի տարածքում Իրանի հրթիռային հարվածներից հետո: Այս մասին ասվում է Իրաքի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
«Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Թեհրանում Իրաքի Հանրապետության դեսպան Նասեր Աբդուլ Մոհսենին ՝ Էրբիլի վրա իրանական վերջին հարձակումների ֆոնին խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, որոնք հանգեցրել են մի քանի մարդու մահվան, ինչպես նաև վիրավորների», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի իշխանությունները հայտնել էին, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գրոհի զոհ է դարձել չորս մարդ, վեցը վիրավորվել են: Բալիստիկ հրթիռներով հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է ԻՀՊԿ-ն, որը հայտարարել է, որ հարվածի արդյունքում ոչնչացվել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։ Ահաբեկչության զոհ է դարձել 89 մարդ, որոնցից 12-ը Աֆղանստանի քաղաքացիներ են։ Մահացածների թվում են մինչև 10 տարեկան 9 երեխա և 30 դեռահաս։ Ընդհանուր առմամբ տուժել է 284 մարդ։ Իրանի իշխանությունները կոշտ պատասխան են խոստացել։