ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Երևանում պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին, որոնք բռնության էին ենթարկել շտապօգնության խմբին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ Երևանում շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից:
«Հունվարի 16-ին, ժամը 3.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ահազանգով նշված հասցե են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք` կանչով նշված հասցե մեկնած բժիշկների խմբի առաջ օգնության կարիք ունեցող անձի որդիները փակել էին սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:
Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել, մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով սենյակից դուրս էր եկել և հենց այդ ընթացքում էլ ահազանգել էր ոստիկանություն։