Երևանում նոր կամուրջ է նախատեսվում կառուցել. խորհրդակցություն Փաշինյանի մոտ

«Հաղթանակ» կամուրջը. Արխիվային լուսանկար
Հրազդան գետի վրա՝ Դավիթաշենից մի քանի կիլոմետր վերև նախատեսվող կամուրջը Երևանի շրջանցիկ մայրուղին (Արտաշատից մինչև Աշտարակի խճուղի) կկապի Երևան–Սևան մայրուղուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է նոր կամուրջ կառուցել Երևանի հյուսիսային հատվածում։ Նախագծի գաղափարը ներկայացվել է կառավարությանն առընթեր Ներդրումային կոմիտեի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Կամուրջը նախատեսվում է կառուցել Հրազդան գետի վրա՝ Թբիլիսյան խճուղուց մինչև Եղվարդի խճուղի, այսինքն՝ Դավիթաշենի կամրջից մի քանի կիլոմետր հեռու։ Նախատեսվում է, որ դա կբեռնաթափի երթևեկությունը մայրաքաղաքի հյուսիսային հատվածում։ Բացի այդ, Երևանի շրջանցիկ մայրուղին, որն այժմ անցնում է Արտաշատից մինչև Աշտարակի խճուղի, կշարունակվի մինչև Երևան–Սևան մայրուղին կապող Թբիլիսյան խճուղի:
Քննարկվում է նաև Ռուբինյանց և Աճառյան փողոցների միջև նոր ճանապարհի կառուցումը, որը ևս կբեռնաթափի Ավան և Նոր Նորք թաղամասերից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկությունը:
«Այս երկու լայնածավալ ծրագրերը պետք է իրականացվեն կառավարության աջակցությամբ։ Դրանք ոչ միայն դրական ազդեցություն կունենան Երևանի վրա, այլև բեռնատար մեքենաներին կօգնեն շրջանցել քաղաքը»,– նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա գնահատմամբ՝ կամրջի կառուցումը պետք է տևի 4–5 տարի, իսկ Ռուբինյանց և Աճառյան փողոցների միջև ճանապարհի շինարարությունը հնարավոր կլինի ավելի շուտ ավարտել:
Խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել նախագծերի իրագործելիության ուսումնասիրություն իրականացնել: