ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հունվարի 1–10–ը վարորդները չեն տուգանվի կարմիր գծերի համար, եթե համապատասխան ցուցանակ տեղադրված չի եղել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հունվարի 1–10–ը ավտոկայանատեղիների համար սահմանված Ա և Բ գոտիների այն հատվածներում, որտեղ ցուցանակներ չեն եղել, նշված հատվածներում կայանված մեքենաների վարորդները չեն տուգանվի»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։