Ոստիկանությունը թմրամիջոցների վաճառքով զբաղվող 650 առցանց խանութ և 35 ալիք է հայտնաբերել

Արխիվային լուսանկար
ՆԳՆ նախարարի տեղակալի պնդմամբ` համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության ուղղությամբ ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում, ոլորտն էլ իրենց համար խնդրահարույց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ–ում 2023 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին համացանցի միջոցով իրացվող թմրաշրջանառության 465 դեպք է արձանագրվել։ Այս մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Ներկայացնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ կատարված աշխատանքները` փոխնախարարն առաջին հերթին նշեց, որ իրենց համար այս ոլորտը խնդրահարույց է համարվում` հաշվի առնելով այս հանցագործության տարածվածությունն ու աճը։
«Նախորդ տարվա 11 ամսվա ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրաշրջանառության 465 դեպք, որից 126-ը` իրացման դեպքեր են, իսկ 339-ը` ձեռքբերման։ Հայտնաբերվել և ուսումնասիրման փուլում է գտնվում թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ հաշվետու ժամանակահատվածում 2354 դեպքով կամ ավելի քան 2.5 անգամ աճել է ապօրինի թմրաշրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Դրան զուգահեռ, նախորդ տարվա համեմատ հայտնաբերվել է թմրամիջոցի իրացման 1459-ով ավելի դեպք։