Որտե՞ղ Չանչարևիչը կշարունակի իր կարիերան. հայտնի է նոր ակումբի անունը

Օգնեն Չանչարևիչ
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը նշել է, որ շնորհակալ է «Ալաշկերտին», բայց իրեն փոփոխություն էր պետք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը «Ալաշկերտից» հեռանալուց 4 օր անց նոր ակումբ է տեղափոխվել։ Նա իր կարիերան կշարունակի «Նոայում»։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Նոային»։ Ակումբի նախագահի ու տնօրենի հետ հանդիպման ժամանակ ինձ շատ դուր եկավ, թե ինչ նպատակներ են դրված թիմի առաջ։ Շատ հաճելի է, որ ինձ գնահատել ու վստահել են։ Կարծում եմ, որ «Նոայի» հետ մեծ հաջողությունների կհասնենք»,– ասել է թիմի նորեկը։
Նա նշել է, որ շատ շնորհակալ է «Ալաշկերտին», բայց իրեն պետք էր փոփոխություն, քանի որ 34 տարեկան է ու դեռ ասելիք ունի ֆուտբոլում՝ ոչ միայն «Նոայի», այլ նաև Հայաստանի հավաքականի կազմում։
«Նոա»–ն էլ իր հերթին բարի գալուստ է մաղթել Չանչարևիչին։
Նշենք, որ սերբ դարպասապահը Հայաստանի առաջնությունում հանդես է գալիս 2017 թվականից։
Օգնեն Չանչարևիչի` «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից հեռանալու մասին հայտնի է դարձել հունվարի 11-ին։ Այս ակումբում նա խաղում էր 2017 թվականից, իսկ 2023-ի հունիսից էլ ազգային հավաքականի անդամ է։