ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերի համար հունգարական «Ֆերենցվարոշից» գումար փոխանցելիս խնդիրներ չպետք է լինեն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Պարի Նիժնի Նովգորոդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովը:
Հունվարի 13-ին Նիժնի Նովգորոդի ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Կոնդրատովը հայտնել էր, որ «Ֆերենցվարոշն» ակտիվացրել է 22-ամյա հայ ֆուտբոլիստին գնելու տարբերակը:
«Խաղացողի դիմաց գումար ստանալը տեխնիկական հարց է։ Մենք գումար ենք ստանում նաև այլ ֆուտբոլիստների համար, որոնք մեկնել են Եվրոպայում խաղալու, վճարում ենք այլ երկրներին։ Ամեն անգամ անհատական սխեմա է մշակվում, որն առավել հարմարավետ է բոլոր կողմերի համար: Չեմ կարծում, որ դրամական փոխանցումների առումով ինչ-որ բարդություն կլինի»,-ասել է «Պարի ՆՆ»-ի գլխավոր տնօրենը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 7 գոլով: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն` ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 1,8 մլն եվրո: