Փետրվարին Երևանի հասարակական տրանսպորտը կհամալրվի նոր ավտոբուսներով

Ավտոբուս
Արդեն մայրաքաղաքում են հասարակական տրանսպորտի համար ձեռք բերված 28 ավտոբուսները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի արդիականացման նպատակով վերջերս ձեռք բերված 30 ավտոբուսներից բաղկացած խմբաքանակը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա փետրվարին:
Այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Նախատեսված 30 ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են, հաջորդ շաբաթ սպասում ենք ևս երկուսի մատակարարմանը»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ երբ բոլոր ավտոբուսներն արդեն մայրաքաղաքում լինեն, 15-20 օր հետո դրանք շահագործման կհանձնվեն։
Հիշեցնենք, որ տարեվերջյան ասուլիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների համալիր ծրագրի շրջանակում 2024 թվականին նախատեսում է ներմուծել ևս 200 ավտոբուս։