ՆԳՆ նախարարը հերքեց իր տեղակալների հետ լարված հարաբերությունների մասին լուրերը

Վահե Ղազարյան. Արխիվային լուսանկար
ԶԼՄ–ներում հաճախակի են դարձել հրապարակումները, թե Արփինե Սարգսյանն «աչք է դրել» ՆԳՆ պետի պաշտոնի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հերքեց տեղակալների հետ լարված հարաբերությունների մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը: Ղազարյանն այդ մասին հայտնեց 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ մամուլում հաճախակի են դարձել հրապարակումներն այն մասին, որ փոխնախարար Արփինե Սարգսյանը ցանկանում է զբաղեցնել անմիջական ղեկավարի աթոռը։ ԶԼՄ–ները գրում են, որ հենց դրա հետ է կապված տեղեկատվական դաշտում նրա ակտիվությունը։
ՆԳՆ նախարարը շեշտեց, որ իր և ենթակաների միջև կառուցողական, բարի և աշխատանքային հարաբերություններ են ձևավորված։ Վստահեցրեց` նրանցից որևէ մեկն աչք չի դրել իր պաշտոնի վրա։
«Իմ բոլոր տեղակալների և ենթակաների հետ հարաբերությունները լավ են։ Վերջի վերջո ոչ ոք իր աթոռին մշտական չէ։ Մի օր եկել ենք, մի օր էլ կգնանք»,– հայտարարեց նա։
Արփինե Սարգսյանն էլ հաստատեց նախարարի խոսքերը` ասելով, որ նմանատիպ խոսակցություններն ուղղակի բամբասանքներ են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ Վստահեցրեց` ոչ մի հովանավոր չունի, միակ հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է` հաշվի առնելով իր քաղաքացիությունը։