Մենք մեր տունը պատրաստ չենք հանձնել․ «Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է անում

«Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է անում ԿԳՄՍՆ–ի մոտ
Նրանք պնդում են, որ եթե այսօր նախարարությունում ինչ-որ բան ստորագրվի, ապա դա կլինի հակաիրավական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմն այս պահին հավաքվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որ իրենց թատրոնը չլուծարեն ու չմիացնեն մեկ այլ թատրոնի հետ։
Թատրոնի աշխատակիցները տեղեկություն են ստացել, որ այսօր ԿԳՄՍ նախարարությունում նոր տնօրեն Կարեն Սիմոնյանը ստորագրելու է փաստաթուղթ, որով էլ «Գոյ» թատրոնը կմիավորվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
«Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով։ «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է իրենց համար։ Մենք ուզում ենք անկախ ստեղծագործել մեր հայրենիքում։ Այդ թատրոնը մեր տունն է, ու մենք մեր տունը պատրաստ չենք հանձնել, մենք նահանջելու տեղ չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց բեմադրիչ Արթուր Սահակյանը։
Նա հիշեցրեց, որ այս պահին դատական գործ է ընթանում, այն գտնվում է վերաքննիչ դատարանում, բայց այս պահին հայց է ներկայացվել գործը տեղափոխել է Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։
«Պատճառը այն է, որ եթե լիներ Վերաքննիչում, մինչև դատարանի որոշում կայացնելը նրանք ոչինչ չէին կարող անել, իսկ եթե քաղաքացիականում է, նրանք վաղն էլ կարող են մտնել թատրոն»,- ասաց Սահակյանը։
Դերասան Սամվել Թոփալյանը. «Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է անում ԿԳՄՍՆ–ի մոտ
Սակայն, այս պահի դրությամբ, Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթը դեռ չի ընդունել, այսինքն այն դեռ շարունակում է մնալ Վերաքաննիչ դատարանում, ուստի այս պահին ԿԳՄՍՆ-ում եթե ինչ-որ բան ստորագրվի, ապա այն հակաիրավական կլինի։
Հիշեցնենք` «Գոյը» Սունդուկյանի թատրոնին միացնելու որոշման նախագիծը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարությունը`որպես հիմք նշելով, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն:
«Գոյ» թատրոնի անձնակազմը հանդիպել է ԿԳՄՍ փոխնախարարի հետ, բավական երկար խոսել. Անդրեասյան
Նշենք, որ թատրոնի անձնակազմը դեռևս գարնանը դիմել էր դատարան վիճարկելու կառավարության որոշումը, որի համաձայն «Գոյ» թատրոնը պետք է միանա Մայր թատրոնին։