ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Այն ամենը, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը թե «Էրիվանը Ադրբեջան է»։
«Չէ՞ որ մենք միշտ ասում էինք՝ սրանք մեր պատմական տարածքներ են։ Մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, մի խոսքով՝ այդ բառապաշարի մեջ ենք մտել։ Բայց պայմանագրային գործընթաց կա, որ կողմերին հավասարաչափ է վերաբերում»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե արդյո՞ք Ալիևի նման հայտարարությունը չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կա՞ ազդակ, որ ՀՀ-ն մտածում է բոլոր պարագաներում միայն խաղաղություն է լինելու, իհարկե ո՛չ։ Մենք բանակ ունենք, մենք բանակը զարգացնում ենք և հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք մինչև վերջ»։
Ալեն Սիմոնյանը հավելեց, սակայն, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ երկրի վրա հարձակվել և որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունի։