ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մերժել ռուսական «Մոբայլ Տելեսիստեմի» (ՄՏՍ) կորպորացիայի հայտը ՀՀ–ում իր բիզնեսը վերակազմավորելու վերաբերյալ: Այս մասին որոշման նախագիծը դրվել է հանձնաժողովի` հունվարի 17–ին կայանալիք նիստի օրակարգում:
«ՄՏՍ» մայր ընկերությունը պատրաստվում էր գնել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100%–ը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից, որը պատկանում է հենց իրեն: Եթե նախկինում ՀՀ–ում գործող դուստր օպերատորը «ՄՏՍ»–ին էր պատկանում Կիպրոսում գրանցված ընկերության միջոցով (ՄՏՍ – Արամայո – ՄՏՍ Հայաստան), ապա այժմ ցանկանում էր այդ ընկերությունը դուրս բերել շղթայից՝ սեփականությունը դարձնելով ուղղակի («ՄՏՍ»–«ՄՏՍ Հայաստան»): Զուգահեռ, «ՄՏՍ»–ը հայտ է ներկայացրել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի մասին Fedilco Group Limited ընկերությանը, որը նույնպես գրանցված է Կիպրոսում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀԾԿՀ–ին ուղղված իր եզրակացության մեջ նշել է` քանի որ հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտին, չի հաստատի այս նոր հայտը, որով «ՄՏՍ»–ը կկարողանար փոխել իր բիզնեսի սեփականության ձևը ՀՀ–ում։
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ–ն հավանություն էր տվել ռուսական «ՄՏՍ» ՓԲԸ–ի հայտին՝ «ՄՏՍ Հայաստանը» կիպրական «Fedilco Group Ltd»–ին վաճառելու մասին։ Վաճառքի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս 2022 թ–ից։ Կիպրոսի ընկերությունների պետական ռեգիստրի տվյալներով` Fedilco–ի սեփականատերեր են համարվում նաև Կիպրոսում գրանցված օֆշորային այլ ընկերություններ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԾԿՀ մասնագետները նշեցին, որ փաստացի վաճառքը դեռևս չի կայացել։ 2023 թ. նոյեմբերից սկսած` «ՄՏՍ»–ին և «Fedilco»–ին տրվել է վեց ամիս` գործարքն ավարտելու համար, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն դիմել կրկնակի թույլտվության: