ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանում արդեն գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 42 716 մարդ, առաջնահերթ կարգով լուծել են կենսաթոշակային տարիքի մարդկանց հաշվառման հարցերը։ Այս մասին 2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Տեղահանվածներից 13 հազար 747–ը 63 տարեկանից բարձր քաղաքացիներ են, այսինքն՝ թոշակառուներ։ Կենսաթոշակային տարիքի մարդկանց հաշվառումն ամբողջությամբ ավարտվել է»,– ասաց Ղազարյանը։
Աշխատանքներ են տարվում հաշվառման էլեկտրոնային համակարգի լիարժեք ներդրման ուղղությամբ։ ՄՔԾ պետը շեշտեց, որ խնդիրը լուծել դեռ չի հաջողվել, ինչի հետ կապված են նաև հերթերը, բայց շուտով խնդիրը կլուծվի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։