ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։Սյունիքի Սարավան-«Զանգեր» հատվածի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:
Գերատեսչությունից հիշեցնում են, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Իսկ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։