ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Պատմությունը կարձանագրի, թե ժողվորդական կամ վաստակավոր արտիստի կոչումներ ունեցող մարդիկ ինչ հետագիծ են թողնելու ու ինչ հետագիծ է թողնելու քաղաքական մեծամասնությունը։ ՀՀ Ազգային ժողովի այս տարվա առաջին նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացրած աղմկահարույց ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Ավելի վա հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։
«Նախագծում նշված է, որ այս կոչումները խաթարում են կադրային քաղաքականությունը, հանրային համերաշխությունը։ Անկեղծ ասած` կարդում եմ այս տողերն ու մտածում` արդյոք հանրապետության 18 ժողովրդական ու,ասենք, 1000 վաստակավորի կոչում ունեցողները պիտի խաթարեն ՀՀ ներքին համերաշխությունը։ Ուղղակի անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ»,– ընդգծեց նա։
«Օ՜ֆ, աման»,– արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն իր ելույթում ասել էր, որ ՀՀ–ում գործում է 17 պատվավոր կոչում, իսկ վերջին հինգ տարում 1 181 մարդու է շնորհվել ժողովդրական կամ վաստակավոր արտիստի կոչում։ Արդեն իսկ կոչում ստացած անձինք պահպանելու իրենց կոչումներն ու արտոնությունները, ստանալու են պետության կողմից տրվող գումաները, օրինակ` ժողովրդական արտիստի դեպքում` ամսական 40 հազար դրամ։
«Նիկոլայ Ծատուրյան, Փարավոն Միրզոյան, Վլադիլեն Բալյան, Դավիթ Բաբայան և այլն: Ամենայն հարգանքով այս մարդկանց նկատմամբ, որևէ մեկս ճանաչո՞ւմ է այս մարդկանց` որպես ժողվրդական արտիստ. եթե հարցում անեք, որևէ մեկը չի ճանաչում»,– հայտարարել էր փոխնախարարը։
Ըստ նրա` այսուհետ ոչ թե պետությունը, այլ տվյալ մշակութային կառույցները կշնորհեն նման կոչումներ, իսկ պետությունն ուղղակի կաջակցի, այլ ոչ թե կմիջամտի այդ կոչումների շնորհմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։ Դրանով առաջարկվում է չեղարկել «ժողովրդական» և «վաստակավոր» 17 պատվավոր կոչումները և ներդնել խրախուսման այլ՝ առավել ժամանակակից ինստիտուտ։ Ըստ կառավարության` կոչումների համակարգը ներմուծվել է խորհրդային ժամանակներում՝ տարբեր անհատների արժանի կամ արժանի տիտղոսավորելու համար, սակայն նաև բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անհատը կոչումը ստանալուց հետո դադարել է որևէ կերպ առաջընթաց գրանցել իր մասնագիտական ոլորտում։