ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ–ին արդարադատության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում. Նեֆյու

ՀՀ վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարության` կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողի հանդիպմանն անդրադարձ է կատարվել մի շարք ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ռիչարդ Նեֆյուն հավելել է, որ երևանյան այցի շրջանակում արդյունավետ քննարկումներ է ունեցել հայ գործընկերների հետ՝ հետագա փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետն էլ կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը:
«Փաշինյանը նշել է, որ հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է։ Գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակառուպցիոն մեխանիզմների զարգացման և ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է գործընկեր պետությունների հետ ծրագրերի հետագա իրականացումը, ակտիվ գործակցությունը, փորձի փոխանակումն ու կարողությունների զարգացումը»,– հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի պաշտոնյաների հետ
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև թվայնացման գործընթացում, ինչպես նաև այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հունվարի 15-ին է ժամանել Հայաստան։ Նա տարածաշրջանային այց է իրականացնում հունվարի 15-18-ն ընկած ժամանակահատվածում։ Այս ընթացքում Ռիչարդ Նեֆյուն կլինի նաև Վրաստանում։ Նշենք, որ Նեֆյուն արդեն հանդիպել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։