ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը հրթիռ է արձակել, ենթադրվում է, որ այն բալիստիկ է եղել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը։
Ճապոնիայի պարեկային նավերը կոչ են արել տարածաշրջանում գտնվող նավերին հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապ հաստատել իշխանությունների հետ։
Պահպանության ծառայությունը հայտնել է նաև, որ Կորեայի արձակած բալիստիկ հրթիռը, մեծ հավանականությամբ, արդեն ընկել է։
NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարական աղբյուրներին, հայտնել էր, որ հրթիռը հավանաբար Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս է ընկել։
Դեկտեմբերի 18-ին ԿԺԴՀ-ն «Հվասոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն էր արձակել։ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տվյալներով՝ հրթիռը 4 415 վայրկյանում 1 002,3 կմ է հաղթահարել թռիչքի 6 518,2 կմ առավելագույն բարձրության պայմաններում և հստակ ընկել է նախատեսված ջրատարածքում։