ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Մուլտի Վելնես» սպորտային համալիրը չի գտնվում Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածում, որը պատրաստվում են վերակառուցել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Նշենք, որ հանրության մոտ մեծ անհանգստություն և լայն արձագանք է առաջացրել Երևանի քաղաքապետարանի մտադրությունը` բարեկարգել այգու 4-րդ հատվածը, քանի որ կառույցը մտադիր է քանդել այնտեղ գտնվող թենիսի կորտերը։ Այս ամենի հետ մեկտեղ, սոցցանցերում օգտատերերը հարց են բարձրացրել նաև, թե ինչու քաղաքապետրանը «չի նկատում» Օղակաձև այգում գտնվող հսկայական տարածք զբաղեցնող «Մուլտի Վելնես» սպորտային կենտրոնը, որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին։
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել քաղաքապետարան, պարզելու` «Մուլտի Վելնես» սպորտային համալիրն Օղակաձև այգու տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է, թե՞ ոչ։
«Տեղեկացնում ենք, որ «Մուլտի-Վելնես» կենտրոնը Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում չի գտնվում: 4-րդ հատվածը սկսվում է Ե. Չարենցի արձանին հարող անմիջական տարածքից և ձգվում մինչև Մ. Նալբանդյանի արձանին հարող անմիջական տարածք»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարել է, թե անձամբ ինքն էլ է նախկինում հենց այդ կորտերում թենիս խաղացել, բայց նշել է, թե Օղակաձև այգու տրամաբանության մեջ չի եղել, որ այդ հատվածում պետք է թենիսի կորտեր լինեն, այլ այգին պետք է հենց այգի լինի։
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցերում գրել էր, թե քաղաքապետարանում օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Այդ հատվածում գտնվող թենիսի կորտերի վերաբերյալ էլ նշել էր, թե դրանք քանդելու նպատակ չկա, բայց չի բացառվում, որ կորտերը կտեղափոխվեն այլ՝ ավելի համահունչ միջավայր։