ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ամիսներ առաջ հեռացված Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ կրակոցներ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ասիլյանի տունը գտնվում է Կոտայքի մարզի Քասաղ գյուղի Չարենցի փողոցում։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 14-ին, ահազանգը ստացվել է 00:30-ի սահմաններում։
«Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա էլ՝ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանը կրակոցների պահին իր ընտանիքի անդամների հետ եղել է տանը, բայց տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ Թաթուլ Ալիսյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացրել են 2023 թ. նոյեմբերի 13-ին։ Նշենք, որ Թաթուլ Ասիլյանը «հայտնի» է դարձել այն բանից հետո, երբ կոչ է արել երկրից արտաքսել Լեռնային Ղարաբաղից այն տեղահանվածներին, որոնք կմասնակցեն հակակառավարական հանրահավաքներին: