Գեներալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Տիրան Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Գեներալ–լեյտենանտի կալանքի միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Վարազդատ Հարությունանը։
Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է։ Ըստ ԶԼՄ–ների` հունվարի 11–ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
«Չնայած գեներալի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն»,– գրել է Հարությունյանը։
Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։
ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի կալանքի միջնորդությունը կքննվի հունվարի 14-ին, ժամը 18։00-ին` Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում։
Հիշեցնենք` հունվարի 13-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: Հարցաքննվել են անձինք։ Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
Ձերբակալվել է 5 անձ։