Փաշինյանն Ալիևին առաջարկում է սպառազինությունների վերահսկման պայմանագիր կնքել

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Ծանոթանալով Ադրբեջանի առաջարկներին` ՀՀ վարչապետը եզրակացրել է, որ ադրբեջանական կողմը փորձ է անում ունենալ մի փաստաթուղթ, որով կլեգիտիմացնի հետագա պատերազմները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։ Նա այդ մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։
«Այս դեպքում ՀՀ–ն և Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն և դրանք կատարելու համար մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն կունենան»,– ասել է նա։
Ըստ նրա` Ադրբեջանը մի կողմից ասում է, որ իր բանակն ուզում է ուժեղացնել, մյուս կողմից դժգոհում է, որ ՀՀ–ն Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում։
«Այսինքն` այստեղ տրամաբանությունը ո՞րն է. որ ՀՀ–ն բանակ չպետք է ունենա՞։ Եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է. ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք։ Դրա համար ենք մենք ասում` եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, որ պատերազմի հնարավորություն չլինի։ Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով` տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ունենալ մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է»,– ընդգծել է Փաշինյանը։
Անդրադառնալով բանակցային գործընթացին` ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանը գոնե մինչև այս պահը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով։
«Սա պետք չէ ժխտել, քանի որ և ՀՀ–ում, և Ադրբեջանում կան և կլինեն ուժեր, որոնք շահագրգռված չեն խաղաղությամբ։ Այստեղ շատ կարևոր է երկրների ղեկավարների այն դիրքավորումն ու խոսույթը, որ նրանք օգտագործում են։ Կարևորն այն է, թե ինչ է հնչում ամենաբարձր մակարդակից, դա է ցույց տալիս, թե որքանով ենք մենք անկեղծ` խաղաղության ձգտման մեր ճանապարհին։ Այո, լինելու են բազմաթիվ բարդություններ, սակայն հարց է` արդյոք մենք գնո՞ւմ ենք այդ բարդությունները լուծելու ճանապարհով, թե ոչ»,– նշել է նա։
Փաշինյանը վստահեցրել է, որ գոնե ինքը գնում է այդ ճանապարհով, հույս ունի, որ այդ ճանապարհով կգնա նաև Ադրբեջանի ղեկավարը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։