«Նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ կապ տրամադրել». Փաշինյանը` Նախիջևանի մասին

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ասել է, թե հայկական կողմն ինչ առաջարկներ է ներկայացրել Բաքվին Նախիջևանի հետ կապ հաստատելու հարցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է Նախիջանի հետ կապ տրամադրել Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում` պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
Ըստ նրա` փորձ է արվում միջանցքային խոսույթ ձևավորել ՀՀ–ի նկատմամբ։
«Ընդ որում` երբ ասում ենք` մի րոպե, դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես են նրանք արձագանքում, ասում են` մենք նույն խոսույթն օգտագործում ենք Իրանի տարածքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ, այդ թվում` Հյուսիս–հարավ միջանցքի մասին, որն անցնում է ՌԴ–ից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան։ Մենք ասում ենք` շատ լավ, հասկանում եք, որ հիմա Ադրբեջան–Նախիջևան կապի թեման կա, բայց… Ու էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապը ապահովելու մասին, որն այսօր էլ գոյություն ունի։ Մենք սրան արձագանքում ենք այսպես` ինչպես որ Իրանն է կապ տրամադրում Նախիջևանի հետ, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ` և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով»,– հայտարարել է ՀՀ վարչապետը։
Ակնկալում ենք, որ Ադրբեջանը հրապարակային հաստատի ապաշրջափակման սկզբունքները․ ԱԽ քարտուղար
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։