Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Իսրայելի արտգործնախարար
Իսրայելցի նախարարը մեկնաբանել է Թուրքիայի նախարարի հայտարարությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին` պատասխանելով իրենց ուղղված մեղադրանքներին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեձեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կդապարատի Իսրայելին Գազայի հատվածում իր գործողությունների համար, որոնք, ըստ թուրք առաջնորդի, ռազմական հանցագործությունների հատկանիշներ ունեն:
«Այն երկրի նախագահը, որն իրագործել է Հայոց ցեղասպանությունը և մտածում էր, թե աշխարհը կլռի, այսօր պարծենում է նրանով, որ անհիմն պահանջներ է ներկայացնում Իսրայելին։ Մենք հիշում ենք հայերին, քրդերին։ Ձեր պատմությունը խոսում է ձեր մասին»,– գրել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X–ի միկրոբլոգում:
Նշենք, որ Իսրայելի դեմ Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում կարելի է որակել որպես ցեղասպանություն: