Ի՞նչ է տեղի ունեցել Արամուսում. ՔԿ–ն` Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Գործի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Կոտայքի մարզի Արամուս գյուղում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մանրամասները։
Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է։ Ըստ ԶԼՄ–ների` հունվարի 11–ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։
Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, գործով ևս 4 ձերբակալված կա. փաստաբան
ՔԿ–ից հայտնում են, որ ոստիկանությունը հունվարի 11–ի ուշ երեկոյան «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում է ստացել այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ:
Նախնական տվյալներ են ձեռք բերվել, որ հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։
«Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթը հետագայում փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն։
Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: Հարցաքննվել են անձինք։ Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
Ձերբակալվել է հինգ անձ։