ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով մահացած պաղեստինցիների թիվը գերազանցել է 23,8 հազարը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արաբական լրատվամիջոցներին։
«Հոկտեմբերի 7–ից ի վեր իսրայելական գործողությունների հետևանքով 23 843 մարդ է մահացել, 60 317–ը` վնասվածքներ ստացել»,– ասել է Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Միաժամանակ նա նշել է, որ վերջին մեկ օրում Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իսրայելական 12 հարձակումների հետևանքով 135 մարդ է մահացել:
«Յուրաքանչյուր քսաներորդ պաղեստինցին կա՛մ զոհ է, կա՛մ վիրավոր, կա՛մ անհետ կորած», - հավելել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: