ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ–ի բժշկին ծեծի ենթարկողները եղբայրներ են, նրանք ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն է կատարելիս եղել։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ներկայացրել էր դեպքի մանրամասները` նշելով, որ բժիշկը ծեծի է ենթարկվել բուժառուի ուզած դեղը չներարկելու համար։
Ոստիկանությունից հայտնում են, որ այսօր առավոտյան մի քաղաքացի է զանգահարել ու հայտնել, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ Այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում են ստացել այն մասին, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը։
«Պարզվել է, որ նույն օրը շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։