ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենին: Տեղեկությունը հայտնում է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը:
«Հունվարի 13-ին` Սանայի ժամանակով 03:45-ին (Երևանի ժամանակով` 04:45. խմբ.) ԱՄՆ ուժերը հարված են հասցրել Եմենում հութիների ռադարային կայանքին», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հարվածն իրականացվել է ամերիկյան ականակիր «Tomahawk» հրթիռով։
Հիշեցնենք` հունվարի լույս 12-ի գիշերը ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել Եմենի հութիների դեմ` հայտարարելով, որ դա Կարմիր ծովում նավագնացության անվտանգության սպառնալիքների պատասխանն է:
Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ–Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։ Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, ինչի հետևանքով 5 հութի է մահացել, ևս 6-ը` վիրավորվել։
Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են միայն Իսրայելի հետ կապված նավերի դեմ, որպեսզի այդպիսով օգնեն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին: