Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բախվել աղետի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Վասիլի Նեբենզյան ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Արևմուտքին հորդորել է զերծ մնալ Մերձավոր Արևելքում էսկալացիայից, այլապես ամբողջ տարածաշրջանը կարող է աղետի բախվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հունվարի 12-ին Ռուսաստանը խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և նրա գործընկերների հարվածների հետ:
«Մերձավոր Արևելքում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Հարցը նույնիսկ այն չէ, որ Արևմուտքի ներկայացուցիչներն իրենց գործողություններով ոչնչացնում են ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջնորդության` Եմենի ներսում կարգավորման հասնելու բազմամյա ջանքերի արդյունքները»,-ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ նիստում։
Նրա խոսքով՝ խնդիրը շատ ավելի լայն է, քանի որ անխոհեմ և անհեռատես քայլերն ապակայունացնում են անվտանգային իրավիճակը և խաթարում են համատարածաշրջանային իրադրության ուրվագծվող կարգավորումը։
«Եթե էսկալացիան շարունակվի, ապա Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանը կարող է բախվել աղետի, որի համեմատ մինչ այդ տեղի ունեցածը «ծաղիկներ» կթվան: Մարդկանց կորցրած կյանքերն ու կործանված ճակատագրերն անհաշիվ կլինեն»,-ասել է դիվանագետը։
Նեբենզյան հայտարարել է, որ դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և նրան աջակցողների վրա, որոնք հանուն իրենց շահադիտական աշխարհաքաղաքական շահերի ոչ միայն համառորեն խանգարում են միջազգային հանրությանը Գազայի հատվածում հրադադար պահանջելու հարցում, այլև իրենք հերթական անգամ ագրեսոր են դարձել:
Հիշեցնենք` հունվարի լույս 12-ի գիշերը ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել Եմենի հութիների դեմ` հայտարարելով, որ դա Կարմիր ծովում նավագնացության անվտանգության սպառնալիքների պատասխանն է:
Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ–Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։ Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, ինչի հետևանքով 5 հութի է մահացել, ևս 6-ը` վիրավորվել։
Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են միայն Իսրայելի հետ կապված նավերի դեմ, որպեսզի այդպիսով օգնեն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին:
Սրացման նոր փուլ Մերձավոր Արևելքում. ինչու է ԱՄՆ-ն ռմբակոծում Եմենը