Բացարձակապես անընդունելի է. Փաշինյանը պատասխանել է Ալիևին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը խոսել է «Զանգեզուրի միջանցքի», անկլավների, Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվի հայտարարությունները համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
Ալիևը հունվարի 10-ին ադրբեջանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել` նշով, որ Ադրբեջանը ոչ մի քայլ չի շարժվի ո՛չ 2021 թ. մայիսին զբաղեցրած դիրքերից, ո՛չ էլ 2022 թ. սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից
Ըստ նրա` Ալիևի հայտարարություններն ընդամենը նախընտրական շրջանի հետ են կապված։
«Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է»,– ընդգծել է Փաշինյանը։
Նախիջևանի հետ կապ և «Զանգեզուրի միջանցք»
Ըստ ՀՀ վարչապետի` փորձ է արվում միջանցքային խոսույթ ձևավորել ՀՀ–ի նկատմամբ։
«Ընդ որում` երբ ասում ենք` մի րոպե, դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես են նրանք արձագանքում, ասում են` մենք նույն խոսույթն օգտագործում ենք Իրանի տարածքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ, այդ թվում` Հյուսիս–հարավ միջանցքի մասին, որն անցնում է ՌԴ–ից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան։ Մենք ասում ենք` շատ լավ, հասկանում եք, որ հիմա Ադրբեջան–Նախիջևան կապի թեման կա, բայց… Ու էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապը ապահովելու մասին, որն այսօր էլ գոյություն ունի։ Մենք սրան արձագանքում ենք այսպես` ինչպես որ Իրանն է կապ տրամադրում Նախիջևանի հետ, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ` և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով»,– հայտարարել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նաև նշել է, որ եղել են հրապարակային պայմանավորվածություններ, որ երկրների միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Սրանք սահմաններ գծելու պայմանավորվածություններ չեն։
«Այն, ինչ ասում են Բաքվում, հակասում է այդ տրամաբանությանը և պայմանավորվածություններին»,– նշել է նա։
ՀՀ վարչապետի խոսքով` Ադրբեջանից ասում են, թե մենք հասանք նրան, որ 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ արձանագրվի նաև «Զանգեզուրի միջանցք», և որ ՌԴ–ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։
«2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը չկա գրված։ Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ–ն ՀՀ–ի որևէ տարածքում կոմունիկացիայի որևէ անվտանգություն պետք է ապահովի։ Էլ չեմ ասում, որ երեք տարի է` Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթ է զարգացնում` հղում անելով եռակողմ հայտարարությանը։ Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև»,– հայտարարել է Փաշինյանը։
Սահմանների ճշգրտում
ՀՀ վարչապետը խոսել է նաև Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման մասին։ Ըստ նրա` երբ Ադրբեջանը խոսում է 4 գյուղերի վերադարձման մասին, ՀՀ–ն բարձրացնում է 32 գյուղի հարցը, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։
«Մենք ասում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի միջը օկուպացված տարածքներ չպետք է գոյություն ունենան։ Հետևաբար, երբ պարզվի, որ ՀՀ–ն է ինչ–որ տարածքներ իր վերահսկողության տակ պահում, մինչդեռ դե յուրե պատկանում է Ադրբեջանին, ՀՀ–ն պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են ՀՀ–ին, սակայն Ադրբեջանն է պահում իր վերահսկողության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։ Նման քաղաքական պայմանավորվածություն կա, սա գործնականում իրականում հնարավոր չէ իրագործել` առանց փոխհամաձայնեցված քարտեզի»,– ընդգծել է նա։
Ինչպե՞ս պետք է որոշել` սա ՀՀ–ի՞, թե՞ Ադրբեջանի տարածք է։ Ըստ Փաշինյանի` կա մի տարբերակ` քաղաքական առումով հիմնվել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա, սեղանին դնել հռչակագրի դրույթները դե յուրե արտահայտող քարտեզներ ու գնալ տեղում նայել իրողությունները ու դրանք համապատասխանեցնել քարտեզներին։ Հակառակ իրավիճակն անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ։
Անկլավներ
Անդրադառնալով Արծվաշեն բնակավայրին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այն արդեն 30 տարի է` Ադրբեջանի վերահսկողության տակ է, ու հայկական կողմն ասում է, որ այն պետք է վերադարձվի։ «Տարբերակներից մեկն այն է, որ ունենք սահմանի գիծ, ու դրանից այն կողմ գտնվող անկլավները, մեր դեպքում` էքսկլավը, պետք է վերադառնա ՀՀ–ի իրավազորության ներքո։ Գործնականում մենք ուղղակի պետք է հասկանանք` այդ էքսկլավի սահմանը որտեղ է սահմանափակվում, այսինքն` իր տարածքը պետք է կոնկրետացնենք, քարտեզի վրա կոորդինատներով ճշտգրտենք, որպեսզի գործընթացը կարողանանք կազմակերպել»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա Փաշինյանը նշել է` Ադրբեջանն ասում է, որ ուզում է անխոչըդնոտ տեղաշարժ ՀՀ տարածքով։
«Մենք դեմ չենք դրան, սակայն դա չի նշանակում ՀՀ օրենսդրության շրջանցմամբ պետք է տեղի ունենա այդ տեղաշարժը»,– հայտարարել է նա։
Պայմանագիր Ադրբեջանի հետ
ՀՀ վարչապետն առաջարկում է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։
«ՀՀ–ն և Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերելու և այդ պայմանավորվածությունները կատարելու համար մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն կունենան»,– հայտարարել է նա։
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև այն հարցին, որ Ադրբեջանը մի կողմից ասում է` իր բանակն ուզում է ուժեղացնել, մյուս կողմից դժգոհում է, որ ՀՀ–ն Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում։
«Այսինքն` այստեղ տրամաբանությունը ո՞րն է. որ ՀՀ–ն բանակ չպետք է ունենա՞։ Եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է. ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք։ Դրա համար ենք մենք ասում` եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, որ պատերազմի հնարավորություն չլինի։ Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով` տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ունենալ մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է»,– ընդգծել է Փաշինյանը։
Բանակցային գործընթաց
Անդրադառնալով բանակցային գործընթացին` նա հայտարարել է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանը գոնե մինչև այս պահը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով։
«Սա պետք չէ ժխտել, քանի որ և՛ ՀՀ–ում, և՛ Ադրբեջանում կան և կլինեն ուժեր, որոնք շահագրգռված չեն խաղաղությամբ։ Այստեղ շատ կարևոր է երկրների ղեկավարների այն դիրքավորումն ու խոսույթը, որ նրանք օգտագործում են։ Կարևորն այն է, թե ինչ է հնչում ամենաբարձր մակարդակից, դա է ցույց տալիս, թե որքանով ենք մենք անկեղծ խաղաղության ձգտման մեր ճանապարհին։ Այո՛, լինելու են բազմաթիվ բարդություններ, սակայն հարց է` արդյոք մենք գնում ենք այդ բարդությունները լուծելու ճանապարհով, թե ոչ։ Գոնե ես գնում եմ այդ ճանապարհով ու հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնա նաև Ադրբեջանի ղեկավարը»,– շեշտել է նա։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։