2024 թվական. ընտրությունների աննախադեպ առատության տարի

Sputnik
Էսպիսի բան դեռ չէր եղել. ուր նայում ես՝ Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Եվրամիություն, Ամերիկա…, ամենուր այս տարի ընտրություններ են։ Որոշ մեկնաբաններ 2024 թվականը նույնիսկ «ընտրությունների մայր-տարի» են անվանում։ Իսկապես, առաջիկա մեկ տարվա ընթացքում նախագահի կամ խորհրդարանի ընտրություններ են տեղի ունենալու 64 պետություններում, որտեղ բնակվում է մարդկության կեսից ավելին՝ 4,5 միլիարդ մարդ։
«Ընտրական սեզոնը» բացվելու է հենց վաղը՝ Թայվանում։ Ծայրահեղական պնդումներն այն մասին, թե թայվանցիներն ընտրություն են կատարելու խաղաղության եւ պատերազմի միջեւ, բնականաբար, խիստ չափազանցված են։ Ով էլ նախագահ ընտրվի այդ կղզում, դժվար թե շատ կտրուկ շեղվի իր նախորդի քաղաքականությունից, որովհետեւ այդ դեպքում ողջ մարդկության գլխին կկախվի երկու հսկաների՝ Ամերիկայի եւ Չինաստանի ռազմական առճակատման վտանգը։ Իսկ դա ոչ ոք չի ցանկանում։